Monday, December 30, 2013

Քո «նվերը»

Արթնացա` հարված...
Ու զարմանում եմ`
Ինչպես ես գտնում
Այս ոտնահարված
Արնաքամ եղած
Սիրտս, որ խոցես...

Ու սրտիս տեղում
Լիճը գոյացած
Գինու է նման
Խաղողից ճզմած,
Որ դառն է, սակայն
Չի մխիթարում...

Մի լուսաբացից
Մյուս լուսաբաց...
Արթնացա` հարված...
Արթնացա` հարված...

Sunday, December 29, 2013

Միայնակ Երազ, Միայնակ իրականություն...

Եվ ո՞ւր է տանում այս ճամփան խոնավ`
Ստիպելով խրվել մինչև գոտկատեղ,
Ո՞ւր եմ ես գնում կամքիցս անկախ….
Թողնելով հեռվում երազս գունեղ….


Ու որտե՞ղ ես դու…. Ո՞ւր ես չքացել…
Խավարից հետո խավար չեմ ուզում…..
Քեզ մեկ վայրկյանը բավական էր, որ
Ոչ կողքիս լինես, ոչ էլ երազում...

Սպասված, բայց չստացված օր

5-ին հաջորդեց 6-ը...
Շուրջս իրեր են թափթփված
Եվ ուրիշ ոչինչ...



Աչքերս` զբաղված,
Մտքերս` զբաղված,
Զգայարաններս` բթացած ու անլվա...


6-ին հաջորդեց 7-ը:
Ականջներիս մեջ հալոցքն է ձյան
Եվ ուրիշ ոչինչ...

Saturday, December 21, 2013

Մեկի համար «Բարի լույս»․․․ Մեկի համար «Մնաս բարով»

Ես փնտրում էի ամուր սառույց... 
Որպես կյանքում ինձ հենարան,
Բայց ես գտա խարույկը քո՝
Գրավիչ ու տաքուկ այնքա՜ն․․․

Սառցե երազն իմ հուսալի
Մոռացա ես կրակի հետ..
Ու չտեսա` ինչպես այրվեց 
էությունս անդարձ․․․ անհետ...


...Այրվածքներիս ցավն ինձ մնաց...
Ջերմությունից` ոչ մի նշույլ...
Ես մնացի առանց կրակ....
ու իհարկե առանց սառույց...

Օդս շատ էր խոնավ... աղի....
Օրը երես թեքեց ինձնից...
Կեղծ անցյալի ցավը գրկած`
Ես գիշերում թաղեցի ինձ...



Ու ներկայից սարսափահար`
միայնակ ու անկարեկից.... 
տեսա ինչպես հանկարծ ծնվեց
«Մնաս բարով» «բարի լույս»-ից...

Monday, December 16, 2013

Ատելություն Վերջին Հայացքից

Կար-չկար մի մեծ ու նույնքան փոքրիկ 
աղջնակ կար.... գիտեք?....
Կար....
Չկար...

Նա հասկացել էր -
Երբ որ ժպիտը չի ուզում ծնվել,
ուրեմն շուտով 
փոթորիկներ են սրտում լինելու...

Այժմ նա գիտի...
Այժմ և ընդմիշտ...
Որ փոթորիկի միայն մի քայլից 
պետք է լուռ փախչել...

Բայց նա չփախավ...
Ամենամոլի հավատացյալի հավատքով «զինված»
ու հողմերի դեմ լուռ ծնկի իջած`
Նա նախավերջին.... վերջին..... ու հետո
Ամենավերջին անգամ աղոթեց...
Ու չհասցրած դեռ արտաբերել
վերջին Ամենը`
Զարնվեց վերև մագլցողների հետևից թափվող
քարաբեկորին....
Ու արնաշաղախ պառկած անդնդում`
Զգում էր սրտում ինչ-որ ծակոցներ...
Որ սեր չէր բնավ...
Ատելությունն էր....
Ատելությունը` վերջին հայացքից...

Կար....
Չկար....

Saturday, December 14, 2013

Monday, September 2, 2013

Կորցրած խաղաղություն


Գիշերը քամոտ էր․․․
ու ցրտից աչքերս չէին փակվում։ 
Հատակը լի էր ապակիներով․․․  

Թեպետ զբոսնելու ցանկություն 

առանձնապես չկար, 
որոշեցի դուրս գալ։ 

Կտրեցի, անցա ողջ քաղաքը, 

հասա այնտեղ ուր դու ես․․․ 
Տեսա լուսավոր ժպիտը քո։ 

Ու հանգիստ սրտով, 

բայց արնաքամ ոտքերով հետ եկա, 
մտա անկողինս՝ սառն ու թաց․․․ 
քնեցի․․․ ու չարթնացա։

Saturday, February 23, 2013

Միայն թե չարթնանաս



Թարսի պես այս գիշեր պահակը չի վառել բակի լամպը. գոնե մի քիչ լույս տուն կընկներ, կգտնեի անտեր մկրատը… Ոտքիս մատներն արդեն ցավում են. ամբողջ ծանրությունս նրանց վրա է… Հանկարծ չլսի, որ ինչ-որ բան եմ փնտրում, թե չէ նույն պատմությունը, նույն ցավը, նույն կապտուկները ծեծից ու համբույրից (տարբերություն էլ չկա):
Մի պահ նայեցի ձեռքերիս, ինչպես ամեն անգամ, երբ հիշում էի վերջին ծեծը, ու դողդողալով շարունակեցի փնտրել մկրատը: 
Պիտի որ ասեղների հետ լինի: Վերջին անգամ վերնաշապիկի օձիքն էի կարում, իրար հետ դրեցի: Զգույշ կանցնեմ միջանցքով, չի էլ զգա: Շունն էլ է քնել, բայց կարծես ոչ խորը, գնամ մի քիչ էլ պառկեմ, գուցե մի բան փոխվի մի քանի ժամում: 
Վերջին քայլերով տանջելով ոտքերիս մատները` մտա նկարազարդ փափուկ սավանի տակ. միակ բանն է, որ այսքան փափուկ է մնացել համատարած կոշտության ու կոպտության մեջ: Վարսերս դողում են կոպտության տիրակալի գարշելի շնչառությունից, որ ամեն վայրկյան սպառնում է փչել ու վերացնել փափուկ սավանը և նրա հետ մեկտեղ բոլոր երազները, որ կարողացել եմ թաքուն պահել սավանիս տակ: 

Ինչպես ամեն անգամ, ասօր էլ, վերջին ծեծը հիշելուց րոպեներ անց հիշեցի առաջին համբույրը… Այնքան անմեղ, բայց վճռական… Համբուրեցիր ու անմիջապես գրկեցիր, իջեցրեցիր ինձ իմ երկնքից, քարն էլ վզիցս կապեցիր, որ թռչելու փորձ էլ չանեմ:

Նայում եմ քեզ… Ի~նչ անմեղ են քո աչքերը, երբ փակ են… Ի~նչ գեղեցիկ է քո քմծիծաղը, երբ չկա… Ի~նչ անուշ են քո խոսքերը, երբ լռում ես… Միայն թե չարթնանաս… 
Եթե արթնանաս, քո աչքերի չարության մեջ կխեղդես բոլոր հույսերս, որ դեռ անորոշ կախված են գիշերվա թարթիչներից… Քո քրքիջից ես կմրսեմ, ու էլ ոչ մի սավան, ոչ մի երազ ինձ չի ջերմացնի… Միայն թե չարթնանաս…

Քո ժամացույցն այսօր իմ ընկերն է… Նա արդեն մի քանի անգամ ինձ հուշեց, որ դու չես արթնանա… Քաջությունս հավաքեցի բոլոր երազներիս միջից ու դուրս եկա սավանի տակից… Ոտքիս մատներն ըմբոստանում են, բայց ուղեղս դրա ժամանակը չունի: 

…Ձեռքումս է մկրատը… Դանդաղ հավաքեցի վարսերս ափիս մեջ, մկրատս արեց իր գործը… Վարսերս ափիս մեջ մնացին… բայց ընդամենը մի քանի վայրկյան… Քամին տարավ…
Վերջ… էլ չեմ լսի` «Քեզ նեղ օրվա համար եմ պահում, որ մազերդ ծախեմ»:

Friday, January 4, 2013

ԱնՁայն... ԱնՁյուն...


Ամպամած էր այսօր,
Ու մառախուղ էր... սովորականից անթափանց,
Սովորականից անցանկալի...
Ու կկոցած աչքերիս մեջ լռություն էր,
Սեղմված շուրթերիս վրա` ունայնություն...
Անիվները ձյունը համառորեն ցեխ էին դարձնում, 
Իսկ ես, թարսի պես, անընդհատ նայում էի հետևի պատուհանից...
Ու միակ ճերմակը օդում անշարժացած մառախուղն էր`
Վարագույրը անցյալիս... ներկայիս...