Friday, December 23, 2011

Մի էջ էլ առանց քեզ...


Եվ դեռ պիտի շնորհակալ լինեմ,
որ չխեղդվեցինք այդ ժպիտների արցունքներում:
Անմտության անձրև էր տեղում մեր միջև:
Եվ ինչ-որ վախեցած հայացքներ
հենակետ էին փնտրում,
բայց միևնույն ժամանակ
վախենում միմյանց հպվելուց:

Մենք այնքա~ն հեռու էինք...
Բայց քո ստվերը
համարյա դիպչում էր ինձ...
Եվ այդ շոյանքից խելագարված՝
սիրտս իրեն մոլորակ էր զգում...
Հայացքս ուզում էր
ձեռքերով ամուր բռնել քեզ
ու գոնե մի քանի վայրկյան
ապրել այն զգացումի գրկում,
որ կոչվում է հանգստություն:
Բայց ես խեղդեցի
իմ միջի բոլոր այն վայրկյանները, 
որոնք պտտում էին
քո մասին հիշողության անիվը... 
Ամուր փակեցի ափս, 
որ չմատնեմ ինձ: 
Ու նայեցի քո ափին. 
բոլոր հույզերս սկսեցին
հույսոտ լռությամբ
թափառել փակված ափիդ ելքերի շուրջը: 
Բայց դու խեղդեցիր ամեն ինչ: 
Անվերջ ժպիտներ տեղացին: 
Պատերը դանդաղ էին շարժվում: 
Ես հայացքով ներքև էի ձգում նրանց, 
իսկ դու կոխկռտում էիր իմ հայացքը
փակ ափիդ խավարով: 
Սակայն հայացքս
կամաց-կամաց ըմբռնեց, 
որ չպիտի փնտրի այն, 
ինչ կարևոր չէ: Եվ սկսեց խոսել
այն մասին, ինչ կարելի էր
Բոլոր հայացքներիս կազատեի
իրենց պարտականություններից, 
եթե միայն կարողանայի որսալ այն, 
ինչ քո հայացքն էր անհանգիստ արտաբերում... 
Բայց թոթովախոս անցյալը
մի քանի շշունջ տեղաց
ականջներիս լռությանը, 
ու ես ներկեցի պատերն իմ մտքերով: 
Անասելի մութ էր տարածվել
մեր հայացքների միջև, 
որոնք այդպես էլ թողեցին այն բացը, 
ուր նետվել էր անցյալի մի ողջ գարուն: 
Եվ վաղաժամ թոշնած գարնան բույրը
վերածվեց գարշահոտի, 
որ լի էր կեղծավորության միամտությամբ
Ու քո դավաճանությունը,
մեղքի զգացումից խեղդված,
մի չխոստացված բարև նետեց
իմ շփոթված աչքերի խոնավությանը,
որը գոլորշանալով
ամպերի ստվար շերտով կիտվեց
աչքերիս գլխավերևում՝
մռայլելով կեղծավոր ժպիտիս ցոլքը...



Քայլերիս քամուց
ցրվեցին ամպերը:
Իսկ դու ուղեկցեցիր ինձ քո
կեղծ անտարբերությամբ...
Ես էլ իմ հերթին
անտարբերություն հագա
ու ջանալով ետ չնայել՝
շտապեցի այնտեղ,
ուր պիտի լինեիր դու:
Իսկ փակված դռները
կողպեցին կեղծավորության
բոլոր լուսամուտները...
Եվ հայացքս գետնին՝
մինչև հիմա լալիս եմ:


.................
2005թ.

Wednesday, November 16, 2011

ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ՎԵՐՋ


- Եթե թույլ կտաս, ես քեզ կարտասվեմ...
- Ես քեզ սիրում եմ...
- Այսինքն... այո±...
- Այսինքն ոչ... Ինձ մի° նետիր քո աչք-ապարանքից...
- Իսկ քեզ չե±ն հուզում ջրհեղեղները կամ էլ երաշտը...
- Ինձ սոսկ հուզում է մեր մայրամուտը...
- Իմ մայրամուտը...
- Բայց ես քո շողն եմ...
- Դու միշտ կլինես...
- ...Քո արտասո±ւքը...
- Չէ°... Իմ Արևը...
- Ամեն արցունքում Արև տեսնելովª քեզ ես խորտակում Արև թվացող այդ խոր լճերում...
- Չէ°... դու վերջինն ես... Ամեն մի վերջին մի Արեգակ է...
- Նույնիսկ կորո±ւստը...
- Վերջին կորուստը...
- Այսինքն... այո±...
- Այսինքն ոչ... Ոչ թե կորուստն է Արեգակ բերում, այլ վերջին անգամ այդ ցավն զգալու հանգստությունը...
- Ուրեմն... ի±նձ էլ սիրում ես միայն "վերջին"-ի համար...
- Մի° խոսիր այնպես, որ չկարողանամ չկորցնել քեզ...
- Վերջին կորուստը Արև է բերում... Չե±ս ուզում Արև...
- Դու արևացար վերջին կորստիցª ինքդ դառնալով վերջինն ակամա...
- Իսկ ինձնից հետո ո±վ է լինելու քո նոր Արևը...
- Երևի սրտիս վերջին կաթիլը, որը կլցնի համբերությանս ամբողջ գավաթը...
- Նա± էլ կլինի ինձ նման Արև...
- Ես քեզ սիրում եմ...
- Այսինքն... այո±...


Նույն պատասխանը, մի վերջին անգամ օդը ճեղքելով, օդի պես թեթև Արևներ խեղդեց... Ու Արևից էլ պսպղուն դարձավ նրա աջ այտին մի թաց հետագիծ... Հետո մայր մտավ վերջին Արևը վերջին երկնքում մի վերջին անգամ... Եվ վերջին անգամ խափանվեց լույսի հավերժությունը վերջին բառերում... Ու վերջինների Արևներն առած հայացքը վերջին պտույտը գործեց... Հետո սայթաքեց վերջին քայլերում ու... հասավ վերջին...


......................................
Իմ ու վերջին արցունքիս երկխոսությունը /2005/

Monday, November 7, 2011

Խոստովանություն

Հեռո՛ւ կանգնեք ինձնից․․․
Ես չեմ կարող ժպտալ։
Ես չեմ ուզում ժպտալ։
Մի՛ կախվեք դողից իմ թարթիչների․․․
Անտեսե՛ք թրջված իմ հայացքները
Ու արհամարհե՛ք
Կյանքից ունեցած վախերս բոլոր․․․
Թողե՛ք ինձ մենակ աշխարհում իմ կոր,
Ուր կան սահմաններ բոլոր կողմերից,
Ուր ժամանակը
Առաձգական է դարձել առանց քեզ,
Ու ես ձգում եմ անցյալն իմ կողմը՝
Չդադարելով դեպի ապագա
Լուռ ճանապարհել ներկան ամեն օր․․․
Եվ կորցրել եմ ներկա․․․ ապառնի․․․
Միայն "Դու" կոչվող ժամանակաձև,
Որ հիշեցնում է անկատար անցյալ․․․
Ու ծիծաղում են դատավորները՝
Մարդը - ժամանա՞կ․․․
Իսկ ես․․․ ոչ ոքի չեմ էլ բացատրում․․․
Բայց նկատում եմ՝ կորստից հետո
Առաջվա նման և դեռ ավելին
Ուզում եմ մնալ քեզ հավատարիմ․․․

Thursday, October 27, 2011

Սպասում


Սպասում․․․ Խավար․․․ Խոնավությունից բորբոսնած աչքեր․․․
Որոնող հայացք․․․ Կնճռոտված ճակատ․․․
Սահում է ձեռքը դեպի սիրտ․․․ Ամեն։
Եռանկյունների միջնագծերի հատման կետերում
Հանդիպումների ձախողված փորձեր․․․
Ու ժպիտներով սպանված ցավի
Շիրիմին գրված անիմաստ խոսքեր․․․
Կրկնվող ժամեր․․․ Խմելու համար շատ հարմար առիթ․․․
Սպասում․․․ Խավար․․․ Մենակությունից բորբոսնած ժպիտ․․․

Saturday, October 15, 2011

Մեկ ուրիշ կյանքում...


Փոքրիկ-փոքրիկ քայլերով 
Սահում եմ դեպի անդունդը
Ու չեմ մոռանում, որ պետք է ժպտալ:
Իմ անկումը կլինի լայն բացված աչքերով
(անարցունք, իհարկե),
Ու շատրվանի պես անսպառ 
Ժպիտներ կփայլեն շուրթերիս:
Դիմավորիր ինձ այնտեղ, 
Ուր հրեցի քեզ գիտակցաբար...
Ես գալիս եմ` կիսելու քեզ հետ
Մեր անանուն զգացմունքը,
Որ երկրային համարվելու համար 
Չափազանց ուժգին էր:
Դիմավորիր ինձ փոխադարձ ժպիտով...

Wednesday, October 12, 2011

Արևը մայր էր մտել

Երբ երազը տրորելով վազում էի խավարի մեջ...
Որ թանձր էր սաստիկ...
Ու հույս էր տալիս, որ
խենթությունս այսօր էլ երազ է կրկին...
Ոչ ոք չհարվածեց դեմքիս,
որպեսզի հասկանամ,
որ սրանից ավելի արթուն չեն լինում...
Քո քնաթաթախ բարևի ջերմությունից
խանձվեցին թարթիչներիս ծայրերը...
Ու ես գողացա սենյակի անկյուններից
ուղիները խեղդող կարոտիս...
Արևը թույլ չէր տալիս, որ խենթություն անեմ:
...Արևը մայր էր մտել:

Monday, October 3, 2011

Մեր Repository-ն...

Անհնար է check in անել, 
իսկ update-ից հետո ծագած 
conflict-ներն ուղղելն անիմաստ է:
Ամենը գրել էի մի փաստից ելնելով,
Իսկ դու համարձակվել ես... մոռանալ ինձ:
Reboot-ը չի փրկի:Ուստի...
svn revert all
svn up
sudo init 0


Wednesday, September 21, 2011

․․․ Դու եղել ես ու մնում ես ինձ մտերիմ․․․
Ինձ հարազատ ու սիրելի․․․
Անուղղելի․․․․․․․․․

Կիսատից կիսատ․․․

Կիսատ ապրելուց ժպիտ չի ծնվում,
Կիսատ ժպիտից կարոտ չեն առնում,
Կիսատ կարոտից անցյալ չեն դառնում,
Կիսատ անցյալից ներկան չեն ապրում․․․

Friday, July 8, 2011

Անխուսափելին․․․

Այսօր արթնացա ու անսովոր դատարկություն զգացի։ Դու տարել ես քեզ հետ իմ առօրյան։ Եվ մնացած գործերս շարունակելու փոխարեն ես պարապություն եմ հորինում, որ հանգիստ տառապեմ։ Ես քեզ փոխել եմ դատարկության հետ, որ իմ ուզած ձևով լցնեմ այն։ Բայց նմանվում եմ նկարչի, որի վրձինը վերցրել են ձեռքից, ու նա մի փոքրիկ երեխայի պես թաթախում է մատները բոլոր ներկերի մեջ, հետո մի պատկեր լղոզում թղթին։ Ես լղոզված կյանք չե՜մ ուզում ապրել․․․
Երեկ քեզ հետ էի մտքերս կիսում, անգամ քեզանից քեզ հետ բամբասում․․․ Հիմա նման եմ ջարդված ապակու, որ մոտեցողի մատներից միայն արյուն է հանում առաջին անգամ, իսկ երկրորդ անգամ մոտեցող չկա․․․ Ու չեմ հասկանում՝ ջարդողը ե՞ս էի, դո՞ւ էի
ր, թե՞ Աստված․․․ Իսկ քո շուրթերից հնչում է միայն իմ ապագայի անկման մի վարկած․․․
Քեզ հետ․․․ Առանց քեզ․․․ Նույն անկումներն են տարբեր ժայռերից։ Թոշնել է օդը քո ծանությունից, իսկ դու ինձնով ես ժայռեր դատարկում։ Ես քեզ չեմ փնտրում լուսամուտիս մոտ կամ հեռուներում։ Մի սուրճի բաժակ ձեռքումս բռնած՝ փորձում եմ կարդալ այնպիսի բաներ, որտեղ դու չկաս։ Բայց երբ տեսնում եմ՝ ինչպես է լալիս հողի մեջ նստած ծաղկի տերևը, հասկանում եմ, որ կյանքիս դասերի ծածկագիրն է դա, որից օգտվել չսովորեցի․․․

Sunday, June 12, 2011

Հուսազրկում



Հույսի թելերը ձուլվում են դանդաղ 
փոշուն անցյալի,
Արդեն իջնում է հույսի երեկոն․․․ 
Աղոթքն իզուր է։
Յոթ երկինքները խլում են լույսը, 
որ հույս էր տալիս,
Կրկնվող ցավը բթացնում է մեզ, 
որքան էլ սուր է․․․

Wednesday, June 1, 2011

Հանդիպում մանկության հետ․․․

Լուռ են։
Թվերն այսօր լուռ են։
Մանկական ճիչերն են
լցրել օդը ավտոբուսի,
իսկ ես տեղս զիջել եմ նրանց
ու հազիվ եմ
կանգնում ոտքի վրա։
Փոքրիկ ձեռքերը
ավտոբուսի լուսամուտներին
տնակներ են նկարում։
Ես էլ եմ նկարում։
Ոգևորված աչուկները
նայում են բոլորի տնակներին։
Ես էլ եմ նայում։
Բոլորի տան ծխնելույզից
ծուխ է ելնում բացի իմից։
Իմ մանկության տանը
արդեն վաղուց մարդ չի ապրում։
Ափսո՜ս․․․

Saturday, April 30, 2011

ՃԱԿԱՏԱԳԻ՞Ր․․․ ԹՈՒՅԼ Ա, ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ․․․․

Դեմ-դիմաց կանգնած,
Հիմար ժպիտը դեմքներիս,
(Իբր ուրիշին ուղղված)․․․
Կեղծ անտարբերությամբ
Արբեցած, խեղդված․․․
Ու գոյություն չունեցող մեր սրտերում
Ափսոսանք ճզմած՝
Քայլում ենք անիմաստ ճանապարհով՝
Կյանքի հոսանքին ուղղահայաց,
Մինչև մահը կբաժանի մեզ․․․










(Կյանքի անիմաստ փորձերից զզված)․․․

Wednesday, April 20, 2011

Նորից լուսինը քեզ է նկարել աչքերիս առաջ․․․
Նորից աստղերը հուշերի տեսքով շարվել են կողքիս․․․
Նորից փակում եմ աչքերս այնպես խստորեն ստիպված․․․
Ու չեմ հասցնում կողպել ճանապարհն անզուսպ արցունքիս․․․



Sunday, April 10, 2011

Ես եմ մեղավոր...


Աստղերը այսօր թրջվել են մի քիչ...
Ու դրա համար ես եմ մեղավոր...
Արևի վերջին ոտնահետքի հետ երկինքը խամրեց...
Ու դրա համար ես եմ մեղավոր...
Փողոցը հալվեց մթնշաղի մեջ,
Ու լուսամուտդ փակ էր մինչև վերջ...
Իսկ իմ աչքերը թաց էին ահավոր...
Ու դրա համար ես եմ մեղավոր...


Wednesday, April 6, 2011

* * *


Այսօր դու սառն ես,
Իսկ ես ուշացա.
Արևը կրկին
Խաղաց մայրամուտ,
Ու ես ձեռնունայն
Տուն վերադաձա…
Ես գրպանիցս
Զգույշ հանեցի
Հորինված արև:
Դու չտաքացար:
Ջրին խնդրեցի,
Որ քեզ ջերմացնի,
Չկարողացավ:
Կրակը այրեց,
Բայց չտաքացրեց,
Օդը համբուրեց,
Ու ինքն էլ պաղեց:
Ես արտասվեցի…



Նրանք ծածկեցին
Քեզ հողի շերտով
Ու ինձ ասացին,
Որ տաք ես հիմա:
Ես ուրախացա…
Տխուր քայլերով
Նրանք գնացին,
Իսկ ես մնացի…
Մթի մեջ կամաց
Արևը ժպտաց.
Առաջին անգամ
Ինձ առավոտյան
Չբարևեցիր…

Կես լուրջ... Կես կատակ


Իմ ափերի մեջ արդեն խամրել են
                                 լույսերն այսօրվա,
Ու վարսերիս մեջ քամին փնտրում է 
                                 սիրո ապացույց:
Մեղավորի պես նստել եմ 
                                 արնոտ ձեռքերս անլվա,
Ու մեղքի համն ինձ հրամայում է
                                 թաքնվել Աստծուց…

Ես այս կրակից ուզեցի քաղել
                                 մի բուռ ջերմություն,
Սակայն այրվեցի ու հիմա նորից
                                 փնտրում եմ կրակ,
Իմ անցած ուղին անմիտ հույսերի
                                 փոշով էր լեցուն
Ու խոստումներով, որ տրվել էին
                                 կես լուրջ, կես կատակ:

Tuesday, April 5, 2011

Հետո․․․


Ես մեքենայից․․․
Իսկ դու հենց քո տան պատուհանից․․․
Հաշվում ենք լույսերը քաղաքի․․․
Նույն քաղաքի․․․
Նայում ենք նույն երկնքին ու նույն լուսնին․․․
Հիշում ենք պահերը նույն․․․
Տաքո՜ւկ․․․
Ու կոկորդը սեղմելու չափ անդառնալի․․․․

Sunday, April 3, 2011

free counters

***


  Քրքջում է վառարանը իմ նամակը կարդալով, իսկ ես չորացած ծաղիկներով եմ լցրել շուրջս: Ես քեզ հիշել եմ այնպես, ինչպես տունը հրդեհվելուց հետո հիշում են, որ արդուկը չէին անջատել: Բայց դու հեռու ես հրդեհներից: Դու մի բաժակ ջուր ես, որ չեն խմում, այլ ծաղիկ են ջրում: Այն ժամանակ ես ծաղիկներ չունեի:
  Քննությունս 4 ստացա: Եթե մի օր էլ լիներ պարապելու, 5 կստանայի: Ճանապարհին հովտաշուշաններ տեսա: 350 արժեին, իսկ  ինձ մոտ 340 էր. միշտ ինչ-որ բան պակասում է: