Tuesday, September 25, 2012

***



Սահում ես աչքիս առաջ,
Ու հայացքս չի դադարում վախենալ, որ կկորցնի քեզ հենց հիմա:
Սահում ես աչքիս առաջ,
Բայց աչքերս թույլ են այնքա~ն.
Չեն կարողանում մեխել քեզ տեղում:
Դու աչքերիցս ես փախչում:
Թե փախչելու էիր, սրտիցս փախչեիր...
Փախչում ես անընդմեջ,
ու երբ հանկարծ պատահաբար հանգում ենք նույն կետին,
Սիրտս այնպես հարվածում է կոկորդիս
(Վարժեցրած շան պես ճանաչում է տիրոջը):
Իսկ քո սրտո՞ւմ ինչ է հիմա...
Իմ ստվերները վաղուց մոխրի պես նստել են 
Հոգուդ խուլ անկյուններում:
Իսկ երբ արև չկա, մահանում են ստվերները: 
Ես բահը ձեռքիս պատրաստ եմ թաղել նրանց իմ ներաշխարհում...
Ուրիշ ոչ մի տեղ հանգրվան չեն գտնի, գիտե~մ...
Իսկ դու այնքան ես վախենում բացահայտվելուց,
Որ խեղդել ես այդ ամենը քո մեջ,
Բայց... ես էլ եմ խեղդվում... Թող շնչե~մ...
Իմ բաժին օդն եմ ուզում...
Քեզնից էլ ոչինչ հարկավոր չէ...
Միայն մի բարև... միգուցե մի ժպիտ...
Միգուցե մի պատասխան... կարևոր չէ, թե որ հարցին...
Դու չգիտես էլ, որ այցելում ես ինձ երազում...
Եթե իմանայիր, երևի թույլ չտայիր, որ քնեմ...

Ես գիտեի, որ դու այդքան լավն ես... ապրես :)


Tuesday, August 14, 2012

Անբացատրելի ցանկություն


Իմ ժամկետանց սերը
և քո անժամկետ բացակայությունը
Ծանրացնում են շնչառությունս,
Ու ես գլուխս կախ քեզ եմ փնտրում`
Հետզհետե սպառվելով օտար քաղաքի փողոցներին:

...Եվ մի երազանք ունեմ,
որ վերջիվերջո գտնեմ քեզ մահացած.
Ուզում եմ ողբալ կորուստդ, քանի դեռ (թվում է, թե) իմն ես...

Tuesday, April 3, 2012

Մի ծաղկով...




           
Երկար էր ճանապարհը… և արևների ու լուսինների մի ողջ հերթափոխ էր պետք անցնել, որպեսզի հասնեի այնտեղ, ուր միշտ աստղեր կան…  Ուր ամեն օր կարող ես երազանք պահել, որն անպայման կկատարվի…
            Այդ ճանապարհը չէր չափվում մետրերով, առավել ևս կիլոմետրերով… Հակառակ ֆիզիկայի բոլոր օրենքներին` այն չափվում էր տարիներով… օրերով, որոնց ընթացքում պետք էր ընդամենը հասկանալ, որ երջանիկ լինելու համար պետք է սկսել մի ժպիտից… 

Saturday, February 11, 2012

Փախուստ

                             Click and listen....

Օդը սպիտակ երանգ էր ստացել, ու աղջկա դեմքին հարվածող ձյունը փոքրիկ երեխայի պես կարծես հրահրում էր խաղալ իր հետ: Աղջիկը, ցրտից կարմրած այտերը շոշափելով, նայում էր վերև` կորցրած հանգստությունը գտածի հայացքով: Իսկ ձյունը չէր դադարում կյանքի անհարթությունները ծածկելու փորձեր անել…


Աղջիկը վաղուց էր ուզում աննկատ դառնալ ամբողջ աշխարհի համար, ու փայլող աչքերը վկայում էին, որ ելք էր գտել: Հայացքը երկնքից չկտրելով` նա պառկեց ձյան կուտակված շերտի վրա ու մի քանի վայրկյան ևս նայեց երկնքին, ապա կուչ եկավ` աչքերը փակելով: Ձյան մի քանի փաթիլ հալվեցին տաք կաթիլից…

…Մթնել էր արդեն, իսկ ձյունը չէր դադարում կյանքի անհարթությունները ծածկելու փորձեր անել… Ու ոչ ոք չգիտեր, որ ձյան տակ անշարժացած մի ժպիտ ծիծաղում էր աշխարհի վրա… Նա աննկատ էր:

Sunday, January 22, 2012

Հոգնել եմ...

Բացի'ր  դուռը,
Ես հեռվից եմ եկել:
Մի' կողպիր աչքերդ.
Դու ինձ անգիր գիտես:
Ես հոգնե~լ եմ
Ձների մեջ թավալ գալուց...
Ընդունիր ինձ
Վերջին գարնան պես...

Sunday, January 15, 2012


Երբ ես կմարեմ լույսերը իմ տան...
Ու մթության մեջ կնստեմ փափուկ իմ բազկաթոռին`
Աչքերս հառած մութ առաստաղին`
Փորձելով գտնել պատասխաններ ինձ հուզող հարցերին,
Դռան թակոցից ես չեմ զարմանա,
Քանի որ գիտեմ` դու ուշանում ես պարզապես մի քիչ...
Ու ես չեմ շտապի բանալ իմ դուռը քո վերադարձին...
Ես քեզ սպասել եմ ամեն կես վայրկյան...
Մի քանի վայրկյան դու էլ սպասիր...


Երբ ես կմարեմ լույսերը իմ տան...
Ու մթության մեջ կնստեմ փափուկ իմ բազկաթոռին`
Աչքերս փակված խեղդող կարոտից...
Դու կվերհիշես իմ տան դուռը փակ`
Փորձելով կարդալ պատասխաններ քեզ հուզող հարցերին,
Ու ես չեմ շտապի թակել քո դուռը...
Եվ դու չկարծես, թե ուշանում եմ պարզապես մի քիչ...
Կարծում ես` զուր է անվերջ սպասել իմ վերադարձին...
Ես քեզ սպասել եմ ամեն կես վայրկյան...
Մի քանի վայրկյան դու էլ սպասիր...



27.12.2011