Friday, December 23, 2011

Մի էջ էլ առանց քեզ...


Եվ դեռ պիտի շնորհակալ լինեմ,
որ չխեղդվեցինք այդ ժպիտների արցունքներում:
Անմտության անձրև էր տեղում մեր միջև:
Եվ ինչ-որ վախեցած հայացքներ
հենակետ էին փնտրում,
բայց միևնույն ժամանակ
վախենում միմյանց հպվելուց:

Մենք այնքա~ն հեռու էինք...
Բայց քո ստվերը
համարյա դիպչում էր ինձ...
Եվ այդ շոյանքից խելագարված՝
սիրտս իրեն մոլորակ էր զգում...
Հայացքս ուզում էր
ձեռքերով ամուր բռնել քեզ
ու գոնե մի քանի վայրկյան
ապրել այն զգացումի գրկում,
որ կոչվում է հանգստություն:
Բայց ես խեղդեցի
իմ միջի բոլոր այն վայրկյանները, 
որոնք պտտում էին
քո մասին հիշողության անիվը... 
Ամուր փակեցի ափս, 
որ չմատնեմ ինձ: 
Ու նայեցի քո ափին. 
բոլոր հույզերս սկսեցին
հույսոտ լռությամբ
թափառել փակված ափիդ ելքերի շուրջը: 
Բայց դու խեղդեցիր ամեն ինչ: 
Անվերջ ժպիտներ տեղացին: 
Պատերը դանդաղ էին շարժվում: 
Ես հայացքով ներքև էի ձգում նրանց, 
իսկ դու կոխկռտում էիր իմ հայացքը
փակ ափիդ խավարով: 
Սակայն հայացքս
կամաց-կամաց ըմբռնեց, 
որ չպիտի փնտրի այն, 
ինչ կարևոր չէ: Եվ սկսեց խոսել
այն մասին, ինչ կարելի էր
Բոլոր հայացքներիս կազատեի
իրենց պարտականություններից, 
եթե միայն կարողանայի որսալ այն, 
ինչ քո հայացքն էր անհանգիստ արտաբերում... 
Բայց թոթովախոս անցյալը
մի քանի շշունջ տեղաց
ականջներիս լռությանը, 
ու ես ներկեցի պատերն իմ մտքերով: 
Անասելի մութ էր տարածվել
մեր հայացքների միջև, 
որոնք այդպես էլ թողեցին այն բացը, 
ուր նետվել էր անցյալի մի ողջ գարուն: 
Եվ վաղաժամ թոշնած գարնան բույրը
վերածվեց գարշահոտի, 
որ լի էր կեղծավորության միամտությամբ
Ու քո դավաճանությունը,
մեղքի զգացումից խեղդված,
մի չխոստացված բարև նետեց
իմ շփոթված աչքերի խոնավությանը,
որը գոլորշանալով
ամպերի ստվար շերտով կիտվեց
աչքերիս գլխավերևում՝
մռայլելով կեղծավոր ժպիտիս ցոլքը...



Քայլերիս քամուց
ցրվեցին ամպերը:
Իսկ դու ուղեկցեցիր ինձ քո
կեղծ անտարբերությամբ...
Ես էլ իմ հերթին
անտարբերություն հագա
ու ջանալով ետ չնայել՝
շտապեցի այնտեղ,
ուր պիտի լինեիր դու:
Իսկ փակված դռները
կողպեցին կեղծավորության
բոլոր լուսամուտները...
Եվ հայացքս գետնին՝
մինչև հիմա լալիս եմ:


.................
2005թ.