Thursday, October 27, 2011

Սպասում


Սպասում․․․ Խավար․․․ Խոնավությունից բորբոսնած աչքեր․․․
Որոնող հայացք․․․ Կնճռոտված ճակատ․․․
Սահում է ձեռքը դեպի սիրտ․․․ Ամեն։
Եռանկյունների միջնագծերի հատման կետերում
Հանդիպումների ձախողված փորձեր․․․
Ու ժպիտներով սպանված ցավի
Շիրիմին գրված անիմաստ խոսքեր․․․
Կրկնվող ժամեր․․․ Խմելու համար շատ հարմար առիթ․․․
Սպասում․․․ Խավար․․․ Մենակությունից բորբոսնած ժպիտ․․․

Saturday, October 15, 2011

Մեկ ուրիշ կյանքում...


Փոքրիկ-փոքրիկ քայլերով 
Սահում եմ դեպի անդունդը
Ու չեմ մոռանում, որ պետք է ժպտալ:
Իմ անկումը կլինի լայն բացված աչքերով
(անարցունք, իհարկե),
Ու շատրվանի պես անսպառ 
Ժպիտներ կփայլեն շուրթերիս:
Դիմավորիր ինձ այնտեղ, 
Ուր հրեցի քեզ գիտակցաբար...
Ես գալիս եմ` կիսելու քեզ հետ
Մեր անանուն զգացմունքը,
Որ երկրային համարվելու համար 
Չափազանց ուժգին էր:
Դիմավորիր ինձ փոխադարձ ժպիտով...

Wednesday, October 12, 2011

Արևը մայր էր մտել

Երբ երազը տրորելով վազում էի խավարի մեջ...
Որ թանձր էր սաստիկ...
Ու հույս էր տալիս, որ
խենթությունս այսօր էլ երազ է կրկին...
Ոչ ոք չհարվածեց դեմքիս,
որպեսզի հասկանամ,
որ սրանից ավելի արթուն չեն լինում...
Քո քնաթաթախ բարևի ջերմությունից
խանձվեցին թարթիչներիս ծայրերը...
Ու ես գողացա սենյակի անկյուններից
ուղիները խեղդող կարոտիս...
Արևը թույլ չէր տալիս, որ խենթություն անեմ:
...Արևը մայր էր մտել:

Monday, October 3, 2011

Մեր Repository-ն...

Անհնար է check in անել, 
իսկ update-ից հետո ծագած 
conflict-ներն ուղղելն անիմաստ է:
Ամենը գրել էի մի փաստից ելնելով,
Իսկ դու համարձակվել ես... մոռանալ ինձ:
Reboot-ը չի փրկի:Ուստի...
svn revert all
svn up
sudo init 0