Saturday, February 23, 2013

Միայն թե չարթնանաս



Թարսի պես այս գիշեր պահակը չի վառել բակի լամպը. գոնե մի քիչ լույս տուն կընկներ, կգտնեի անտեր մկրատը… Ոտքիս մատներն արդեն ցավում են. ամբողջ ծանրությունս նրանց վրա է… Հանկարծ չլսի, որ ինչ-որ բան եմ փնտրում, թե չէ նույն պատմությունը, նույն ցավը, նույն կապտուկները ծեծից ու համբույրից (տարբերություն էլ չկա):
Մի պահ նայեցի ձեռքերիս, ինչպես ամեն անգամ, երբ հիշում էի վերջին ծեծը, ու դողդողալով շարունակեցի փնտրել մկրատը: 
Պիտի որ ասեղների հետ լինի: Վերջին անգամ վերնաշապիկի օձիքն էի կարում, իրար հետ դրեցի: Զգույշ կանցնեմ միջանցքով, չի էլ զգա: Շունն էլ է քնել, բայց կարծես ոչ խորը, գնամ մի քիչ էլ պառկեմ, գուցե մի բան փոխվի մի քանի ժամում: 
Վերջին քայլերով տանջելով ոտքերիս մատները` մտա նկարազարդ փափուկ սավանի տակ. միակ բանն է, որ այսքան փափուկ է մնացել համատարած կոշտության ու կոպտության մեջ: Վարսերս դողում են կոպտության տիրակալի գարշելի շնչառությունից, որ ամեն վայրկյան սպառնում է փչել ու վերացնել փափուկ սավանը և նրա հետ մեկտեղ բոլոր երազները, որ կարողացել եմ թաքուն պահել սավանիս տակ: 

Ինչպես ամեն անգամ, ասօր էլ, վերջին ծեծը հիշելուց րոպեներ անց հիշեցի առաջին համբույրը… Այնքան անմեղ, բայց վճռական… Համբուրեցիր ու անմիջապես գրկեցիր, իջեցրեցիր ինձ իմ երկնքից, քարն էլ վզիցս կապեցիր, որ թռչելու փորձ էլ չանեմ:

Նայում եմ քեզ… Ի~նչ անմեղ են քո աչքերը, երբ փակ են… Ի~նչ գեղեցիկ է քո քմծիծաղը, երբ չկա… Ի~նչ անուշ են քո խոսքերը, երբ լռում ես… Միայն թե չարթնանաս… 
Եթե արթնանաս, քո աչքերի չարության մեջ կխեղդես բոլոր հույսերս, որ դեռ անորոշ կախված են գիշերվա թարթիչներից… Քո քրքիջից ես կմրսեմ, ու էլ ոչ մի սավան, ոչ մի երազ ինձ չի ջերմացնի… Միայն թե չարթնանաս…

Քո ժամացույցն այսօր իմ ընկերն է… Նա արդեն մի քանի անգամ ինձ հուշեց, որ դու չես արթնանա… Քաջությունս հավաքեցի բոլոր երազներիս միջից ու դուրս եկա սավանի տակից… Ոտքիս մատներն ըմբոստանում են, բայց ուղեղս դրա ժամանակը չունի: 

…Ձեռքումս է մկրատը… Դանդաղ հավաքեցի վարսերս ափիս մեջ, մկրատս արեց իր գործը… Վարսերս ափիս մեջ մնացին… բայց ընդամենը մի քանի վայրկյան… Քամին տարավ…
Վերջ… էլ չեմ լսի` «Քեզ նեղ օրվա համար եմ պահում, որ մազերդ ծախեմ»: