Sunday, July 6, 2014

Վերագտած խաղաղություն

Լուռ թափանցում են լուսնի շողերը
Դեպի խորքերը վառվող աչքերիդ,
Քո աչքերի մեջ արփին թողել է
Համբույր, որ լուսինն այս գիշեր առնի:

Ու խաղաղ ես դու ամռան ծովի պես,
Մեղմ ալիքվում ես ափերին հոգուս,
Ամեն գալուստիդ ես փարվում եմ քեզ,
Ու դու շարունակ գալիս ես, գնում...

Խաղաղ եմ և ես... Ու պահում եմ միշտ
Քո ջերմությունը իմ սրտի վրա.
Այն օգնում է ինձ դիմադրել ցրտին,
Մինչև որ ծովիդ նոր ալիքը գա: