Tuesday, September 25, 2012

***



Սահում ես աչքիս առաջ,
Ու հայացքս չի դադարում վախենալ, որ կկորցնի քեզ հենց հիմա:
Սահում ես աչքիս առաջ,
Բայց աչքերս թույլ են այնքա~ն.
Չեն կարողանում մեխել քեզ տեղում:
Դու աչքերիցս ես փախչում:
Թե փախչելու էիր, սրտիցս փախչեիր...
Փախչում ես անընդմեջ,
ու երբ հանկարծ պատահաբար հանգում ենք նույն կետին,
Սիրտս այնպես հարվածում է կոկորդիս
(Վարժեցրած շան պես ճանաչում է տիրոջը):
Իսկ քո սրտո՞ւմ ինչ է հիմա...
Իմ ստվերները վաղուց մոխրի պես նստել են 
Հոգուդ խուլ անկյուններում:
Իսկ երբ արև չկա, մահանում են ստվերները: 
Ես բահը ձեռքիս պատրաստ եմ թաղել նրանց իմ ներաշխարհում...
Ուրիշ ոչ մի տեղ հանգրվան չեն գտնի, գիտե~մ...
Իսկ դու այնքան ես վախենում բացահայտվելուց,
Որ խեղդել ես այդ ամենը քո մեջ,
Բայց... ես էլ եմ խեղդվում... Թող շնչե~մ...
Իմ բաժին օդն եմ ուզում...
Քեզնից էլ ոչինչ հարկավոր չէ...
Միայն մի բարև... միգուցե մի ժպիտ...
Միգուցե մի պատասխան... կարևոր չէ, թե որ հարցին...
Դու չգիտես էլ, որ այցելում ես ինձ երազում...
Եթե իմանայիր, երևի թույլ չտայիր, որ քնեմ...

Ես գիտեի, որ դու այդքան լավն ես... ապրես :)