Monday, December 9, 2024

Տուր ինձ սեր

Տուր ինձ սեր,
Երբ ես սիրո կարիք ունեմ:

Տուր ինձ դատողություն,

Երբ ես դրա կարիքն ունեմ,

Ու փորձիր հասկանալ`

Այս երկուսը հազվադեպ են հատվում

Իմ հարթության մեջ...


Ու անքնության մեջ 

Ձգվում են անվերջ ուղիղների պես`

Փոփոխվելով անդադար.

Աստիճան առ աստիճան,

Ամեն վայրկյան ու ակնթարթ...

Ու ստեղծում են քաոսը,

Որ բնական չէ, ցավոտ է շատ...


Տուր ինձ սեր...


Wednesday, September 11, 2024

Չափահաս


Չափահաս իմ սեր,
Որ կեսը կյանքիս 
Քեզ էիր վերցրել,
Ես սպասեցի, որ դու մեծանաս,
Որ քեզ սպանեմ` ինչպես կամենամ:

Չափահաս իմ ցավ,
Իմ գիտակցություն,
Որ այն մեղմը չէր,
Որից պարզապես տողերս հյուսեմ:

...Ու ես հերձեցի սերս չափահաս,
Հասկացա նրա խորքերը անծայր,
Թաղեցի մի տեղ,
Որ էլ չգտնեմ:

Չափահաս ցինիզմ...

Monday, September 2, 2024

Անտեր Սերս

Ես ու իմ սերը անտեր․․․
մնացինք խաչմերուկի կենտրոնում․․․
մեքենաների անկանոն ռիթմի մեջ․․․

ու սերս ցատկեց․․․
գրկեց քեզ որբ երեխայի պես․․․
Ուրախացա սիրուս համար,
բայց սաստեցի․․․

Օրենքներ ու իրավունքներ․․․
գրված ու չգրված․․․
Այդ դեպքում ինչպե՞ս պահեմ․․․․
Այսքան մեծ սերս․․․ 
սերս՝ անտեր․․․

02.09.2024


Երազել

Խեղդիր․․․․ սպանիր․․․
ու հետո տրորիր այնքան․․․ 
որ փոշիանա,
ու չտեսնի ոչ ոք․․․

վերցրու փոշին․․․
տար, փռիր քո այգում
հողի հետ,
հողի փոխարեն․․․
Ու թաքուն ընկղմիր ձեռքդ 
այդ անասելի փափուկ փոշու մեջ․․․
Աչքերդ՝ երկնքին հառած, բայց փակ,
Մինչև լուսաբաց
երազիր փոշու հորինված անցյալի մասին․․․
Երազիր չծնված երջանիկ պահերի մասին․․․

Չկախես գլուխդ երբեք․․․
Դու երազել ու սիրել գիտես․․․ 

02․09․2024

Saturday, August 24, 2024

Հարազատ ցավ

․․․Պարտվեցի, բայց չգիտեմ, թե ով հաղթեց․․․

Ցավ կար․․․ արցունք կար, գուցե թաքնված․․․

Ամեն ինչ կար տառապելու համար,

Բայց ժամանակ չկար․․․


Ու անպետք մնաց ցավը հարազատ․․․

որբ մնաց․․․

անտեր մնաց․․․

հավերժ մնաց․․․



Wednesday, May 29, 2024

Աղոթում եմ

Փրկել ու փրկվել կուզեի..
Սավառնել լույսերում անհուն,
Հրեշտակներին մոտդ բերեի,
Մթությունը տանեի հեռու:

Նորից ժպիտով տեսնեի,
Լինեի հարազատ ու անկեղծ,
գիշերն ավարտվեր ստվերների...
Կուզեի ապրեիր, որ ապրեմ:

2024, Մայիս 28

Սեր

Ու հանկարծ զգացի,
որ այդ բառը այնքան օտար է դարձել ինձ․․․
Բառը, որ առաջ կարգախոսն էր կյանքիս,
Դարձել է գրքային մի սահմանում`
անցյալում թաղված․․․

Ու ուզում եմ՝
այս սիրտ ճմլող զգացողությունների մեջ ընկնեմ,
Որտեղ կա ինքը
կամ իր կիսատությունը․․․
Ամեն դեպքում
բոլոր բառերն ու ժեստերն իր մասին են․․․

Սեր․․․ սեր․․․ դարձիր իմը նորից․․․


2023, Դեկտեմբեր 28